Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը տեղաբաշխվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում


Երևան, Հայաստան, 2014-02-01 08:47 CET (GLOBE NEWSWIRE) -- 2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է  ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը:

Ընկերության 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող 6 ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.3% մարժա հետագա արժեկտրոնային վճարման համար: Աճուրդի ընթացքում ձևավորված` արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 8.555%:    

Նշանակալի է, որ սա միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսերի առաջին բորսայական հրապարակային տեղաբաշխումն է Հայաստանում, որը ընդլայնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման տեխնոլոգիաներն օգտագործող հաճախորդների ցանկը և Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հիմք է ստեղծում:

Այս տեղաբաշխմանը աջակցել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am, «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

ՎԶԵԲ-ի մասին

ՎԶԵԲ-ը միջազգային կազմակերպություն է, որը Եվրոպական Տնտեսական Համայնքի և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ միասին հիմնադրվել է 1990թ.-ի մայիսի 29-ին 40 երկրների կողմից կնքված Համաձայնագրով: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1991թ. մարտի 28-ին, ՎԶԵԲ-ը սկսել է իր գործունեությունը 1991թ. ապրիլի 15-ին: ՎԶԵԲ-ին ներկայումս անդամակցում են 66 երկիր՝ ներառյալ Հայաստանը, ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում:

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 7 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,300 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Եվգենիա Էվոյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com