Երևան, Հայաստան, 2014-02-07 14:19 CET (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. փետրվարի 7-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովի ուշադրության կենտրոնում Հայաստանում կապիտալի շուկաների զարգացումն էր: Համաժողովը կազմակերպված էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱՍ Արմենիայի կողմից, ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ: Ավելի քան 100 մասնակից մասնավոր ընկերություններից, ինչպես նաև պետական պաշտոնյաներ և այլ շահագրգիռ կողմեր մասնակցել էին միջոցառմանը՝ քննարկելու Հայաստանում կապիտալի կայուն շուկաների զարգացման հետ կապված մարտահրավերներն ու հնարավորությունները:
Միջոցառմանը մասնակցել էին նաև տեղական բանկերի ղեկավարները, կորպորատիվ պարտատոմսերի պոտենցիալ թողարկողները, հայկական և տարածաշրջանային կենտրոնական բանկերի, ֆոնդային բորսաների, քլիրինգային և հաշվարկային հաստատությունների, վարկանիշային գործակալությունների, տեղական և միջազգային ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաները: Մասնակիցները քննարկեցին համաշխարհային և ներքին համատեքստը՝ հաշվի առնելով շուկայի հեռանկարները, և թե ինչպես ՎԶԵԲ-ը և այլ դոնորներ կարող են օժանդակել Հայաստանում կապիտալի շուկաների զարգացմանը:
Համաժողովը բացեցին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՎԶԵԲ-ի՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացման գծով տնօրեն Անդրե Կուուսվեկը:
«ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում և տեղական արժույթի և կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակից: Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը: Ներդրողները կշահեն ավելի աշխույժ շուկայի պայմաններում՝ ունենալով ներդրումներ կատարելու և հեջինգի համար ֆինանսային գործիքների լայն տեսականի, իսկ թողարկողները կունենան գործիքների ավելի լայն ընտրություն՝ ֆինանսավորելու իրենց ներդրումային կարիքները», - ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը:
«Այս համաժողովը համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իր առաջին՝ աճուրդում հրապարակայնորեն վաճառվող տեղական արժույթով պարտատոմսերի թողարկման հետ, որից ստացած հասույթը Բանկը ուղելու է իր՝ տեղական դրամով ներդրումների պորտֆելին: Սա ազդանշան է, որ հայկական շուկաները բաց են միջազգային ներդրումային հանրության համար, միևնույն ժամանակ օգնելով համապատասխանեցնել հաշվեկշիռների արժութային և ժամկետային կառուցվածքները ներդրողների և դրամային արժույթով վարկառուների համար», - ավելացրեց պարոն Դեվիսը.
Հայաստանն ունի լավ համակարգված պարտադիր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կապիտալի կայուն շուկաներին և կշահի դրանցից: Համաժողովի ակնկալվող արդյունքներից մեկը կլինի մասնավոր հատվածի նեկայացուցիչների, կարգավորողների և կառավարության միջև պետական-մասնավոր քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծումը՝ ճանապարհ հարթելու արդիականացված և կայուն ենթակառուցվածքի համար, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար:
«Վերջին զարգացումների և Հայաստանում ավելի արդյունավետ, թափանցիկ և գրավիչ կապիտալի շուկաներ զարգացնելու շուկայի բոլոր մասնակիցների ջանքերի հետ մեկտեղ մենք նկատում ենք աճող հետաքրքրություն միջազգային ֆինանսական հանրության կողմից», - ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: «Այս համաժողովը մեր շուկայի գրավչության լրացուցիչ ապացույց է: Մենք կձգտենք զարգացնել այն հետագայում և ստեղծել այնպիսի շուկա, որը կխթանի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները»:
«Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք ապահովել միջազգային ֆինանսական կառույցների՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա: Տեղի ունեցավ այդ երկու կազմակերպությունների կողմից հայկական դրամով պարտատոմսերի առաջին տեղաբաշխումները, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մենք հավատացած ենք, որ նման տեղաբաշխումները կրելու են շարունակական բնույթ: Դրանք ստեղծում են որակյալ ներդրումային գործիքներ, բարենպաստ ներդրումային միջավայր, որոնք անհրաժեշտ են հատկապես կենսաթոշակային ֆոնդերի արդյունավետ կառավարման համար: Մյուս կողմից, դրանք ճանապարհ են հարթում ընկերությունների համար, որոնք կապիտալի շուկան կսկսեն դիտարկել որպես ներդրումների ներգրավման այլընտրանքային աղբյուր:», - իր բացման խոսքում նշեց ՀՀ Կենտրոնական Բանկի Նախագահ՝ Արթուր Ջավադյանը:
Համաժողովը ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից, որը հնարավորություն է ընձեռում ՎԶԵԲ-ին աջակցել տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով:
ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
Եվգենիա Էվոյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
+374 10 543 321 լր. 115
eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com